Նորություններ

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

09.01.2019

1924 թվականի հունվարի 9- ին ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել  «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների:

1980-ին ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում Փարաջանովն անկեղծացել էր.«Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում: Ապրում եմ հավերժ վախի մեջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառևանգեն, կայրեն բանտի նկարներս: Այստեղ բոլորը պետք է ունենան գրանցում և աշխատանք: Սակայն ինձ աշխատանքի չեն վերցնում: Առաջարկում եմ սցենարներս: «Հայֆիլմ»-ը ցանկանում էր ֆիլմ նկարահանել սցենարներից մեկի հիման վրա, սակայն ղեկավարությունը ընդդիմացավ: Ինձ կարող են ձերբակալել ցանկացած ժամանակ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում:  Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել: Այժմյան կյանքս անիմաստ է: Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը: Թակել եմ բոլոր դռները: Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում: Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում: Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել: Պետք է հապճեպ հեռանամ այստեղից»:

Թեպետ ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։

Կյանքի վերջին տարիներին նա նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից 1990-ի հուլիսին՝ Երևանում: 2010 թ.  Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը` վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

Փարաջանովին նվիրված մի տասնյակից ավելի ֆիլմեր են նկարահանվել: Վերջինը Սերժ Ավեդիկյանի «Փարաջանով» ֆիլմն է, որը 2014-ին ցուցադրվել է  երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ:

Comments are closed.