Տունը սահմանի վրա
Տունը սահմանի վրա
Լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ստեղծագործության թեման չափազանց արդիական է և համամարդկային: Պատերազմ կոչվող արհավիրքը ոչ միայն ավերածություններ է գործում, այլև տարբեր ժողովուրդների կյանքում դառնում է իսկական չարիք: Պիեսի գործողությունները կատարվում են մեր օրերում: Հերթական պատերազմական թոհուբոհից հետո պետությունների միջև պետք է նոր սահման գծվի, որը ճակատագրի հեգնանքով անցնում է իր առօրյա կյանքով ապրող մի սովորական ընտանիքի տան ուղիղ մեջտեղով: Գործողությունների հետագա ընթացքը վեր է հանում պատերազմող երկու գերտերությունների քաղաքական խաղերն ու խարդավանքները, պետական տարբեր կառույցների անմիտ ու անտրամաբանական քայլերն ու դրանց կործանարար հետևանքները: Ընտանիքը, որպես ընդհանրական երևույթ, դարձել է այդ խարդավանքների զոհը, որի միջոցով հեղինակը սուր սարկազմով բացահայտում է այդ արհավիրքի կործանարար էությունը, զավեշտալի իրավիճակների ու դինամիկ երկխոսությունների միջոցով վեր հանում քաղաքական ու ռազմական գործիչների անհեթեթ որոշումներն ու քայլերը, որոնք, ի վերջո, հանգեցնում են ողբերգության՝ ժողովուրդների կյանքը դարձնելով իսկական մղձավանջ:
Ներկայացումը հագեցած է պարային դրվագներով ու համահունչ երաժշտությամբ, որոնք ուղեկցում են ամբողջ ներկայացմանը՝ դիպուկ ու նպատակային դարձնելով տրագիկոմեդիայի ասելիքն ու գաղափարը:
Հեղինակ՝ Սլավոմիր Մրոժեկ
Թարգմանությունը՝ Մարիաննա Գրիգորյան
Բեմադրությունը և երաժշտությունը՝ Արմեն Մարգարյան
Բեմական և հագուստի ձևավորումը՝ Տաթև Հարությունյան
Պարուսույց՝ Նարինե Միրզոյան















