Նորություններ
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը
12.01.2015
Լոս Անջելեսում կայացել է ամենամյա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։ Ըստ ավանդույթի՝ միջոցառումն անցկացվում է Beverly Hilton հյուրանոցում, իսկ 3-րդ տարին անընդմեջ այն վարում են Թինա Ֆեյը և Էմի Փոլերը։ Այս տարի «Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը։ Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն կատակերգություն» անվանակարգում։
«Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆարգո» հեռուստասերիալը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Սիրահարները» սերիալը։
Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմը։
Որպես լավագույն ռեժիսոր՝ «Ոսկե գլոբուս» մրցանակին է արժանացել Ռիչարդ Լինքլեյթերը։
Տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, իսկ տղամարդկանցից այդ մրցանակին է արժանացել Էդդի Ռեդմեյնը։ Լավագույն կատակերգու դերասանուհի է ճանաչվել Էմի Ադամսը։