Նորություններ
Երևանում բացվել է ավտոբուս-սրճարան
13.09.2017
Արդեն մեկ շաբաթ է Սարյան 1 հասցեում գործում է ավտոբուս-սրճարան։ Հիմնադիրներն ասում են, որ այն Հայաստանի առաջին ավտոբուս-սրճարանն է։ «Starbus»-ի գաղափարը Տիգրան Զալինյանինն ու նրա ընկեր Միշայինն է:
«Starbus» -ը «Իկարուս» մակնիշի ավտոբուս է՝ 1976 թվականի արտադրության: Նախկինում այն Հայաստան է բերվել զբոսաշրջային այցեր կազմակերպելու նպատակով, իսկ այժմ այն կայանված է Սարյան փողոցում: Հիմնադիրները նպատակ ունեն ավտոբուս-սրճարանով շրջել հանրապետության մարզերով։ Հետագայում ավտոբուսը նաև կունենա ուղևորագիծ, որը հնարավորություն կտա «ուղևորներին» շրջել Երևանի փողոցներով՝ վայելելով պատվերը: Շրջայցի ընթացքում հաճախորդները կա՛մ հետ կվերադառնան սկզբնակետ, կա՛մ կիջնեն իրենց նախնընտրած վայրում։
Ավտոբուսը դրսից սպիտակ և կանաչ գույն ունի: Ներսում երկու շարքով դեմ դիմաց նստարաններ են դրված և հաջորդում են միմյանց: Ավտոբուսի վերջնամասում սրճարանի բարն է, որտեղ և պատրաստվում են հաճախորդների պատվերները:
Սարյան փողոցի ընտրությունը ևս պատահական չի եղել: Տիգրանն ասում է, որ փողոցը ֆրանսիական շունչ է հաղորդում: Բացի այդ, նրան գրավել է փողոցի հանգստությունն ու կոկիկիությունը: Իսկ Սարյան 1 հասցեն ընտրել է՝ առաջին ավտոբուս-սրճարանի համընկնումով:















