Նորություններ
Հանգիստ՝ բաց երկնքի տակ
08.11.2017
Գեղատեսիլ շվեյցարական Ալպերում գործում է աշխարհում ամենայուրատեսակ հյուրանոցներից մեկը՝ Null Stern-ը, որն ունի ընդամենը մեկ «համար»՝ այն էլ ոչ ավանդական:
«Սենյակը» զուրկ է պատերից, առաստաղից, դռնից ու պատուհաններից: Դրանում հարմարավետ մահճակալից ու զույգ դարակից բացի ուրիշ բան չկա:
Փոխարենը կարելի է հարմարավետ պառկել մաքուր, փափուկ անկողնում ու վայելել դեպի բարձրաբերձ լեռները բացվող հրաշալի համայնապատկերը: Իսկ գիշերը չանձրևելու դեպքում կարելի է զմայլվել աստղաշատ երկնակամարով:
Հյուրանոցը գտնվում է մոտ 2.000 մ բարձրության վրա՝ շվեյցարական Ալպերի ուղիղ կենտրոնում: Այնտեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է վճարել 210 դոլար: Հյուրանոցից քիչ հեռու կա տնակ, որտեղ աշխատողը նախաճաշ, ճաշ ու ընթրիք է պատրաստում հանգստացողների համար ու հետո սնունդը մատուցում անմիջապես անկողնու մեջ: Մինչդեռ զուգարանը հանրային է ու գտնվում է «համարից» քիչ հեռու:















