Նորություններ
Աբու Դաբիում բացվել է Լուվրի խոշորագույն մասնաճյուղը
09.11.2017
Աբու Դաբիում նոյեմբերի 8-ին կայացել է Լուվրի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Դրան մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի նախագահներ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահայյանը եւ Էմանուել Մակրոնը:
Թանգարանը, որի շենքը նախագծել էր ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նովելը, եւ որն ինքնին արդեն արվեստի գործ է դարձել, տեղավորվել է Պարսից ծոցի Սաադիյաթ կղզում՝ մայրաքաղաքից կենտրոնից ոչ հեռու:
Թանգարանի զբաղեցրած տարածքը կազմում է 97 հազար քառակուսի մետր: Լուվրի Աբու Դաբիի մասնաճյուղում, որը լայն հանրության համար կբացվի նոյեմբերի 11-ին, 23 սրահ հատկացված է մշտական ցուցադրանքներին: Այնտեղ կներկայացվեն արվեստի 600 ստեղծագործություններ, որոնցից 300-ը փոխառված են Ֆրանսիայի 13 թանգարաններից՝ Լուվրից, Ժորժ Պոմպիդուի կենտրոնից, Վերսալից եւ ուրիշներից: Այցելուները կկարողանան տեսնել Լեոնարդո դա Վինչիի, Վինսենթ վան Գոգի, Պաբլո Պիկասոյի, Էդուարդ Մանեի, Պոլ Գոգենի եւ այլ մեծ գեղանկարիչների ու քանդակագործների աշխատանքները:
Ֆրանսիական Լուվրի մասնաճյուղի շինարարությունը նստել է ավելի քան 1 մլրդ եվրո:















