Նորություններ
Այսօր Ուսանողության միջազգային օրն է
17.11.2017
Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Այն համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր։ Նրանք այդ օրը լիաթոք ուրախանում են՝ մոռանալով առաջիկա ստուգարքների և քննարկումների մասին։
Տոնը նշում են աշխարհի տարբեր երկրներում: Տոնը կարծես թե ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը: 1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ որոշ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։















