Նորություններ
6 մետր երկարություն և 2.5 տոննա քաշ. ջրասուզորդներին հաջողվել է լուսանկարվել աշխարհի ամենախոշոր սպիտակ շնաձկան հետ
21.01.2019
Ջրասուզորդների թիմին հաջողվել է լողալ աշխարհի ամենամեծ սպիտակ շնաձկներից մեկի հարևանությամբ և լուսանկարվել ծովային կենդանու հետ:
Ինչպես գրում է BBC News-ը, լողալով Հավայան կղզիների ջրերում՝ սուզորդներից ոմանք բավականին մոտեցել և կարողացել են դիպչել շնաձկանը:
Ինչպես նշվում է, սուզորդների կարծիքով՝ մոտ 6 մետր երկարություն ունեցող շնաձուկը, որը կշռում է 2.5 տոննա, այն նույն արարածն է, որին գիտնականները հանդիպել էին 20 տարի առաջ և տվել Deep Blue անունը:
Սուզորդներից մեկը հայտնել է, որ իրենց թիմը նկարահանելիս է եղել վագրային շնաձկներին, որոնց ափամերձ հատված էին կարողացել գրավել սատկած կետի մարմնի օգնությամբ: Հենց այդ պահին էլ նկատել են հսկա շնաձկանը, որը նույնպես մոտեցել էր կետին:
Նրանցից մեկի խոսքով՝ շնաձուկը «արտասովոր կերպով լայն էր» և կարող էր հղի լինել:
Սպիտակ շնաձկներին հազվադեպ են նկատում Հավայան ափերի մոտ, քանի որ այս կենդանիները նախընտրում են ավելի զով ջրերում լողալ:















