Նորություններ

Գիտնականներն Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառների մասին նոր բացահայտումներ են արել

Գիտնականներն Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառների մասին նոր բացահայտումներ են արել

29.01.2019

Մեծագույն զորավար և պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան առեղծվածը, որը դարեր շարունակ տանջել է պատմաբաններին, թվում է՝ արդեն բացահայտված է:
Մակեդոնացու մահվան հետ կապված նախորդ տեսությունները հանգում էին նրան, որ զորավարը մահացել է վարակից, հարբեցողությունից, կամ սպանվել է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջերս իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զորավարի վախճանի պատճառը Գիյեն-Բարեի համախտանիշն է եղել՝ նյարդային համակարգի խանգարում, որի դեպքում հիվանդը կարող է կաթվածահար դառնալ:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են նաև այն համոզմանը, որ Մակեդոնացին մինչև մահը 6 օր շարունակ կաթվածահար վիճակում է եղել:
Ըստ տարբեր աղբյուրների՝ զորավարը մահվանից առաջ իր հսկա տերությունը թողել է «իր զորավարներից ամենաարժանիին», մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նա մահացել է կոմայի մեջ՝ առանց հրահանգներ տալու:
Ուսումնասիրության հեղինակ, Նոր Զելանդիայի Օտագո բժշկական համալսարանի քոլեջներից մեկի դասախոս, բժիշկ Քեթրին Հոլի խոսքով՝ Մակեդոնացու մահվան վերաբերյալ նախկին վկայություններն արժանահավատ չեն: Հոլը, ի մի բերելով բազմաթիվ վկայություններ՝ ընդ որում այն փաստը, որ Ալեքսանդրի մարմինը մահվանից 6  օր անց անգամ չի քայքայվել, եկել է այն եզրահանգմանը, որ նրա մոտ Գիյեն-Բարեի համախտանիշ է եղել, ինչի հետևանքով նա կաթվածահար վիճակում է գտնվել, իսկ թթվածնի նկատմամբ նրա օրգանիզմի նվազ պահանջը շնչառությունն աննկատ է դարձրել:
«Այն ժամանակ մարդիկ կարծել են, թե Մակեդոնացու մարմնի պահպանումը նշան է նրա աստվածային էության, մինչդեռ մենք այժմ տիրապետում ենք այնպիսի մանրուքների ու փաստերի, որոնք թույլ են տալիս նրա մահն այլ կերպ պատճառաբանել և ամբողջականացնել արդեն եղած կցկտուր վկայությունները»,- ասել է նա:

Հայտնի է, որ Ալեքսանդր Մեծը մահացել է մ․թ․ա․ 323 թվականին՝ իր ընդարձակ երկրի նոր մայրաքաղաք Բաբելոնում՝ ընդամենը 32 տարեկան հասակում: Նրա գերտերության տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։

Comments are closed.