Նորություններ
Այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է
04.03.2019
Այսօր ծնվել է հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: Ճարտարապետը ծնվել է 1864 թվականի մարտի 4-ին Կրասնոդար քաղաքում: 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։
1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին Իրան, իսկ 1923-ին հրավիրվել է Հայաստան։
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է՝ 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվական։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծն 500.000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։
Չարենցը՝ Ալեքսանդր Թամանյանի մասին ասել է՝ Նա տեսել է արևային մի քաղաք… Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած Արևային ժամացույց՝ քարտե՜զն ահա քաղաքի, Պողոտաներ, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած, Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։ Երևանում նրա նախագծով կառուցվել են՝աստղադիտարանը (1930-1935) անատոմիկումը (1926-1933) անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932) հանրային գրադարանը (1932-1938)։
Երևանում գործում է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը, որտեղ ներկայացվում են ճարտարապետի անձնական իրեր, աշխատանքները, նախագծերը: Թամանյանը մահացել է 1947 թվականի փետրվարի 11-ին Կրասնոդարում:
«Քանի դեռ չէր սկսվել նոր Երևանի կառուցումը, քաղաքը թողնում էր քայքայված փլատակի տպավորություն: Մի տեսակ տխրություն էր իջել նրա վրա: Բայց երբ աշխույժ ռիթմով մուրճերը զարկեցին, երբ միտքը և ջլապինդ բազուկները գործի անցան, ամեն ինչ փոխվեց: Երևանը հետզհետե պայծառացավ: Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ:
Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատ ի դեմս Թամանյանի»,- հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի խոսքերն են հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մասին:
«Թամանյանը «ճարտարապետական անսպառ հմտությունների, փորձառությունների, խորունկ տեսությունների և անթերի ճաշակի մի ամբողջ աշխարհ է»,- ահա այսպիսին է եղել Ավետիք Իսահակյանի գնահատականը հանճարեղ ճարտարապետի մասին:




















