Նորություններ

Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

13.03.2019

Այսօր հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի  (Եղիշե Սողոմոնյան) ծննդյան օրն է։ Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ Ծնողները ծագումով Մակու քաղաքից էին, ահա թե ինչու նա իրեն անվանում էր Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում:

Եղիշե Սողոմոնյանն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անունը

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

Մարտիրոս Սարյան

«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան»: 

Սարյանը Եղիշե Չարենցի կտավը ստեղծել է գաղափարական շեշտադրմամբ: Հետևի ֆոնի երկնագույն գլխաշորի վրա պատկերել է եգիպտական դիմակներից մեկը: Սարյանի արխիվում գտնվել է այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը: Այն, թեև մաշված ու գունաթափված, իր տեղն է գտել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի  ցուցադրության մեջ:

 

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ զրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

 

 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային ազատագրության մասին երազանքով Չարենցը հայտնվում է հայկական կամավորական գնդերից մեկում։ Նա իր ջոկատի հետ մարտերով հասնում է մինչև Վան, այդ ժամանակ էլ գրում հայտնի «Դանթեական առասպել» պոեմը։ Չարենցի հայտնի ստեղծագործություններից են «Ամբոխները խելագարված», «Գանգրահեր տղան», «Խմբապետ Շավարշը» պոեմները, «Երկիր Նաիրի» վեպը, «Մահվան տեսիլ», «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունները և այլն։

Comments are closed.