Նորություններ
Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
15.03.2019
Այսօր 20-րդ դարի կրկեսի նշանավոր արտիստ Ենգիբարյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1935 թվականին Մոսկվայում։
Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1955թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Ենգիբարյանն ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։
1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկել են կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։ 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը(«Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։ Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։



















