Նորություններ
Չինաստանում սկսել են վարժեցնել առաջին կլոնավորված ոստիկանական շանը
21.03.2019
Չինաստանում մարզումներն է սկսել առաջին կլոնավորված խուզարկու շունը՝ ծառայության անցնելուց առաջ։
Կունսյուն շնիկը ծնվել է դեկտեմբերի վերջին՝ չինական Sinogene Biotechnology ընկերության փորձարարական բազայում: Այն Հուահուանմա անունով 7-ամյա կունմինյան հովվաշան կլոնն է:Երեք ամսական Կունսյունը վարժվելու է Յուննան նահանգի Կունմին քաղաքի ոստիկանական բազայում:
Հովվաշունը երկար տարիներ ծառայում է Պուեր քաղաքի ոստիկանությունում և տեղամասի «ամենաարժեքավոր» աշխատակիցն է համարվում: Կենդանին 2016թ.-ին Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կողմից սպանությունների հետաքննություններում ունեցած ավանդի համար շքանշանի է արժանացել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու շների ԴՆԹ-ներն 99,9%-ով համընկնում են:
Sinogene Biotechnology ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Չժաո Ցզյանպինի խոսքով՝ կլոնավորման մեթոդը թույլ կտա զգալիորեն կրճատել շների վարժեցման վրա ծախսվող ժամանակը, ինչը սովորաբար 4-5 տարի է տևում: Շան վարժեցումը, որպեսզի նա հասնի Հուահուանմայի մակարդակին, մոտ 400-500 հազար իեն (60-74 հազար դոլար) կարժենա եւ կտեւի 4-5 տարի։ Սակայն, Կունմինյան բազայի ոստիկանական շների պատրաստման առաջատար մասնագետ Վան Ցզյուշենի խոսքով՝ Կունսյունը կկարողանա ծառայողական պարտականությունները կատարել արդեն 10 ամսականում։
Մասնագետները նշել են, որ ոստիկանական շների «բուծման» տվյալ մեթոդը նախկինի պես մի շարք սահմանափակումներ ունի: Դրանցից է կլոնավորման գինը, որն առայժմ չի հրապարակվում: Մեկ այլ սահմանափակում է մարդկային գործոնը. ուսուցման պայմաններն ու մարզիչը մեծ դեր են խաղում շան վարժեցման համար:

Մասնագետների համաձայն՝ այդ կերպ կենդանիների զանգվածային բուծման մասին խոսելու համար դեռևս վաղ է, սակայն ապագայում առաջնակարգ ծառայողական շների սոմատիկ բջիջների ազգային բանկ ստեղծելու մտադրություններ արդեն կան: Նման բանկի ստեղծման նպատակն այդ նութի պահպանումն ու հետագայում օգտագործումը կլինի:




















