Նորություններ
Փարիզում տոնում են Էյֆելյան աշտարակի կառուցման 130-ամյակը
01.04.2019
Փարիզի ամենահայտնի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը 130 տարեկան է։ Փարիզի իշխանությունները մի շարք միջոցառումներ են կազմակերպում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, աշտարակի մի քանի հարկերում, ինչպես նաև մոտակա այգում խաղ կկազմակերպվի, որի մասնակիցները պետք է հանելուկներ գուշակեն՝ կապված աշտարակի հետ:
Բացի այդ, աշտարակի մոտակայքում ցուցադրություն է սկսվում այն մարդկանց լուսանկարներով, որոնք առնչություն ունեն Էյֆելյան աշտարակի շինարարության հետ: Նշվում է, որ մի շարք տոնակատարություններ կիրականացվեն նաև աշնանը:
Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցահանդես անցկացնելու համար որպես ժամանակավոր շինություն։ Բայց իր ժամանակաշրջանի համար անսովոր մետաղական կոնստրուկցիան անցել է ժամանակի ստուգումը։
Ինժեներ Գյուստավ Էյֆելի թոռը՝ Սավեն Իետման-Էյֆելը, բարձրացել է իր հռչակավոր պապի աշխատասենյակը, որտեղ այժմ դրված է ինժեների և նրա կնոջ մոմե քանդակները։ Աշխատասենյակը գտնվում է աշխատարկի ամենավերևում և քչերը գիտեն դրա մասին։
«Իմ տատիկը երիտասարդ տարիքում ասթմա է ունեցել, և բժիշկը խորհուրդ է տվել մաքուր օդ շնչել բարձրության վրա։ Այդ իսկ պատճառով նա ամեն հինգշաբթի բարձրավել է Էյֆելյան աշտարակի այս սենյակ և 300 մետր բարձրության վրա շնչել փարիզյան մաքուր օդը»,- Եվրանյուզին պատմել է Սավեն։
130-ամյա գեղեցկուհի-աշտարակը դեռ ծերության նշաններ ցույց չի տալիս և մնում է տեխնիկական առաջընթացքի խորհրդանիշը։ Գուստավ Էյֆելի կառուցած աշտարակը վերջին տարիներին երկրորդ տեղն է զբաղեցնում ամենից շատ այցելվող ֆրանսիական զբոսաշրջային կառույցների թվում: Ամեն տարի աշտարակ է բարձրանում 7.1 մլն մարդ: Առաջին տեղում է Փարիզի Աստվածամոր տաճարը (մոտ 13.6 մլն մարդ): Սակայն տաճար այցելությունն, ի տարբերություն աշտարակի, անվճար է:















