Նորություններ
Հարավաֆրիկյան Smokey Treats ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին էկո ծխախոտը
16.04.2019
Հարավաֆրիկյան Smokey Treats ընկերությունը հայտնել է աշխարհում առաջին էկո ծխախոտի ստեղծման մասին՝ մանրամասնելով, որ դրա մնացորդները լիարժեք կենսաբանական քայքայման են ենթարկվում: Թեև ծխախոտի այս տեսակը նույնպես վնաս է ներկայացնում մարդու օրգանիզմի համար, սակայն այն միանգամայն անվտանգ է շրջակա միջավայրի, մոլորակի համար:
Smokey Treats-ի ստեղծած ծխախոտը ստացել է Woodland Craft անվանումը, դրա մեկ տուփում կա 20 գլանակ: Ծխախոտի ֆիլտրի, ինչպես նաև դրա տուփի բաղադրության մեջ կա 100%-ով կենսաբանական քայքայման ենթակա փայտասոսինձ: Մինչդեռ սովորական ծխախոտի մնացորդներում կա մեծ քանակությամբ պլաստիկ, որը գրեթե չի քայքայվում ու կուտակվելով աղբի մեծ կույտեր է առաջացնում: Նշվում Է, որ աշխարհում յուրաքանչյուր րոպեի ընթացքում հավաքվում է մոտ 2 մլն ծխախոտի մնացորդ:
Smokey Treats-ի հիմնադիրներ Դևիդ Սքոթն ու Ադամ վան Վինգարդենը մանրամասնել են, որ իրենց ստեղծած ծխախոտի թութունը հավելումներ չի պարունակում, աճեցվում է Հարավային Աֆրիկայում:
Ծխախոտի վաճառքից ստացած եկամտի 1%-ը կնվիրաբերվի Հարավային Աֆրիկայում անտառների պահպանման ծրագրին: Ուստի՝ ծխողները կարող են փոքր-ինչ սփոփվել այն մտքով, որ իրենց վատ սովորությունը ոչ միայն վնաս չի հասցնում մոլորակին, այլև նպաստում է դրա կանաչապատ մնալուն:

















