Նորություններ
Ճապոնիայում հայտնվել է աշխարհում ամենամեծ ոսկե լոգարանը
29.04.2019
Ճապոնիայի Կյուսյու կղզու Սասեբո քաղաքի առողջարանային գոտու տաք աղբյուրների տաղավարում ավելի քան 150 կիլոգրամ քաշով ոսկուց պատրաստված լոգարան է տեղադրվել :
Այն միանգամից ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, որի խմբագրական խորհրդի անդամները մանրամասն ուսումնասիրել են, թե կարելի է արդյոք օգտվել այդ տարայից, ինչպես է դրա մեջ լցվում բուժիչ ջուրը եւ այլն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը։
18 կարատանոց ոսկուց լոգարանը պատրաստվել է մի խումբ վարպետների կողմից՝ Տոկիոյում, ծախսվել է մոտ 800 իեն (ավելի քան 7,1 մլն դոլար)։ Այն կլոր է եւ կարող է երկու մարդ տեղավորել։
Ոսկե լոգարանի օգտագործման վճարը սրահի սեփականատերերը մտադիր են յուրաքանչյուր մարդու համար 1 ժամի դիմաց մոտ 50 դոլար սահմանել ։ Սասեբոյի տաք աղբյուրները հայտնի են նատրիումի մեծ պարունակությամբ։
Ճապոնիայում առաջին անգամ չեն թանկարժեք մետաղից կենցաղային իրեր ներկայացնում։ Այսպես, թանկարժեք իրեր արտադրող Tanaka Kikinzoku ընկերությունը պարբերաբար առաջարկում է մաքուր ոսկուց տոնածառներ։ Դրանցից մի քանիսի գինը հասնում է 5 մլն դոլարի։
Նույն ընկերությունը մեկ անգամ պատրաստել է Ստրադիվարիուսի ջութակի ոսկե կրկնօրինակը, որի համար 14 կգ թանկարժեք մետաղ է օգտագործել։ Մասնագետները վստահեցնում են, որ այդ ջութակով կարելի էր նվագել։

















