Նորություններ

Եռաչափ գրաֆիկայի միջոցով վերստեղծել են Հին աշխարհի 7 հրաշալիքները

Եռաչափ գրաֆիկայի միջոցով վերստեղծել են Հին աշխարհի 7 հրաշալիքները

03.05.2019

Ավստրալացի մասնագետները թվային տեխնոլոգիաներով վերակառուցման միջոցով կյանքի են կոչել Հին աշխարհի յոթ հրաշալիքները՝ ցույց տալով, թե դրանք ինչ տեսք են ունեցել հազարամյակներ առաջ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, յոթ հրաշալիքներից միայն մեկն է կանգուն առ այսօր. խոսքը եգիպտական բուրգերի մասին է: Մինչդեռ Արտեմիսի տաճարը, Հալիկառնասոսի դամբարանը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանը, Բաբելոնի (Շամիրամի) կախովի այգիներն ու Հռոդոսի կոթողը մնացել են միայն պատմության հիշողության մեջ:

Ստորև ներկայացնում ենք ինժեներների կազմած եռաչափ տեսանյութերը, որոնք հնարավորություն են տալիս ճամփորդել դեպի պատմության հին էջերն ու պատկերացում կազմել հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցների, հին քաղաքակրթությունների մտքի թռիչքի մասին:

Հռոդոսի կոթողը

Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում: Ըստ լեգենդի՝ 12 տարվա աշխատանքի արդյունքում քանդակագործ Խարեսը ստեղծում է սքանչելի բրոնզե արձան, որը պատրաստված էր կավից՝ հավաքված մետաղական ցանցի վրա, արտաքինից պատված բրոնզե թերթերով: Արձանի կառուցման համար օգտագործվել է 13 տոննա բրոնզ և 8 տոննա երկաթ: Քանդակագործը Հելիոսի գլխին պատկերել էր արևապսակ, որից ճառագայթներ էին դուրս գալիս: Արձանը կանգնած էր ճերմակ մարմարով երեսպատված պատվանդանի վրա, թեթևակի հակված դեպի ետ, լարված հայացքը հառած հեռուները:

Գիզայի Մեծ բուրգը

Մոտ 4500 տարի առաջ կառուցված բուրգի քարերից յուրաքանչյուրը կշռում է 2,5-15 տոննա: Չորս հազար տարի շարունակ այն համարվել է աշխարհում մարդու կողմից կառուցված ամենաբարձր շինությունը: Ենթադրվում է, որ այն կառուցելու համար պահանջվել է ավելի քան 100 000 բանվոր:

Բաբելոնի կախովի այգիները

Ասում են, որ այգիները ճարտարապետության մեջ եղել են ականավոր սխրագործության արդյունք. ամֆիթատրոնի ձևով՝ hարկերով բարձրացող այգիների շարք, որտեղ կային ծառերի, որթատունկերի և թփուտների տեսակներ։ Ըստ պատմական տեղեկությունների՝ Նաբուգոդոնոսոր 2-րդ թագավորն այն կառուցել է Քրիստոսից առաջ 600 թվականին՝ իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհի Ամիտիսի համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրել է նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Այս գեղեցիկ այգիներն ավերվել են ջրհեղեղից։ Առասպելը դրանք դարձրել է «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։

Ալեքսանդրիայի փարոսը

Այն մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսն էր: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում՝ Փարոս կղզում։ Կառույցն իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ՝ 120 մ բարձրությամբ։ Դրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ դրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվել է մ.թ. 796 թվականին՝ երկրաշարժից։ Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձել են վերականգնել փարոսը։ 15-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ: Այնուհետև սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կառուցել է ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Հալիկառնասոսի դամբարանը

Մ.թ.ա. 4-րդ դարում Փոքր Ասիայի հարավարևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոսում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձանը կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով: Այն կառուցել են ճարտարապետներ Պիթեասը և Սատիրոսը: Կառույցը ծառայել է որպես Փոքր Ասիայի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։

 

Զևսի արձանն Օլիմպոսում

Հույների գերագույն աստված Զևսի արձանը գտնվել է օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում և կերտվել է մ.թ.ա. 433 թ. մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից։ Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր։ Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը՝ ի նշան ահեղ աստծո խաղաղասիրության։ Աջ ձեռքին կանգնած էր հաղթանակի աստվածուհի Նիկեն, որը նրա մշտական ուղեկիցն էր, ձախ ձեռքին գայիսոնն էր, որի վրա կանգնած էր արծիվը, ինչը խորհրդանշում էր նրա հզորությունը։ Աջ կողքին կանգնած էին 3 աստվածուհի քույրերը՝ Եվփռոսինեն, Թալիան, Ագլայիան, որոնք Զևսի և Եվրինոմեի դուստրերն էին։ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը՝ ոսկուց։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 394 թ։ Նրա որոշ մասեր փրկվել են ու տեղափոխվել Կոստանդնուպոլիս։

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Այն հունական աստվածուհի Արտեմիսին նվիրված տաճար էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Կառուցումը սկսվել է մ.թ.ա. 550 թվականին և տևել հարյուր տարի՝ ավարտվելով մ.թ.ա. 450 թվականին։ Ինչպես հաղորդում է հույն պատմիչ Ստրաբոնը, տաճարը նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնը, որը հասցրել է կառուցել պատը և սյունաշարը: Նրա մահից հետո նրա գործը շարունակել են այնպիսի հայտնի ճարտապետներ, ինչպիսիք էին Մետագենեսը, Վիտրուվիոսը: Տաճարի կառուցումը ավարտել են ճարտարապետներ Պայոնիոսն ու Դեմետրիոսը: Արտեմիսի տաճարի երկարությունը 115 մետր էր, լայնությունը՝ 55 մետր: Տանիքը հենվում էր 127 սյուների վրա, որոնք դասավորված էին 8 շարքով, իսկ սյուների բարձրությունը 18 մետր էր: Ենթադրվում է, որ այն եղել է հունական առաջին տաճարը: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ։  Համաձայն պահպանված ավանդության, երբ ծնվել է նշանավոր զորավար Ալեքսանդր Մակեդոնացին՝ մ.թ.ա. 356թ. հուլիսի 26-ին Արտեմիսի տաճարն այրվել է։ Ավանդության համաձայն՝ Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհել է այն։ Նրա հանցագործությունն այնքան է զայրացրել հույներին, որ նրանք որոշել են տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը։ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտել է պատմության մեջ՝ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով։

 

 

 

Comments are closed.