Նորություններ
Էրմիտաժը Լոնդոնում Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն կկազմակերպի
17.05.2019
Ռուսաստանի Պետական Էրմիտաժը Վերածննդի ականավոր գործիչ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն կկազմակերպի Լոնդոնի ազգային պատկերասրահում, որտեղ այլ նմուշներից զատ կներկայացվի նաև Դա Վինչիի աշակերտ և ստեղծագործական հետնորդ Ֆրանչեսկո Մելցիի «Ֆլորա» կտավը:
Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է պատկերասրահի ներկայացուցիչը:
Անվճար ցուցահանդեսին, որը բաց կլինի մայիսի 23-ից հունիսի 23-ը, «Ֆլորա» կտավից բացի կներկայացվի Դա Վինչիի աշակերտների ևս 10 գործ:
Նշվում է, որ Մելցիի կտավը պատմության մեջ առաջին անգամ կուղարկվի Լոնդոն, ինչպես նաև վերականգնումից հետո առաջին անգամ կլքի Ռուսաստանը:
Լոնդոնի ազգային պատկերասրահի ներկայացուցիչը նշել է, որ Մելցին ոչ միայն հայտնի է եղել որպես Լեոնարդոյի սիրելի աշակերտներից մեկը, այլև նրա համար, որ ուսուցչի մահից հետո պահել է նրա օրագրերից և նկարներից շատերը:
Լոնդոնյան թանգարանի տնօրեն Գաբրիելե Ֆինալդին իր ուրախությունն է հայտնել «Ֆլորա»-ի սպասվելիք ցուցադրության առնչությամբ՝ ընդգծելով, որ կազմակերպվող ցուցահանդեսը տարբեր երկրների թանգարանների միջև համագործակցության լավ օրինակ կհանդիսանա:
Մելցիի հայտնի կտավում պատկերված է գարնանային ծաղկունքի աստվածուհի և բույսերի հովանավոր Ֆլորան՝ Վերածննդի շրջանի և դասական արվեստի հայտնի հերոսուհիներից մեկը: Պետական Էրմիտաժը կտավը ձեռք է բերել 1850թ.-ին՝ Նիդեռլանդների թագավոր Վիլհելմ 2-րդի հավաքածուից: Ի սկզբանե համարվել է, որ այն Դա Վինչիի վրձնին է պատկանում, սակայն հետագա հետազոտություններից պարզ է դարձել, որ հեղինակը նրա աշակերտն է:
















