Նորություններ
Գիտնականները Եթովպիայում հայտնաբերել են հնագույն «կապկամարդու» մնացորդներ
17.06.2019
Եթովպիայի Ավաշ հովտում ուսումնասիրություններ իրականացնող պալեոնտոլոգները հայտնաբերել են ամենահին հայտնի ավստրալոպիտեկի մնացորդներ, որը, ենթադրաբար, ուղիղ քայլվածքին սովորած առաջին արարածն է եղել:
«Այս ավստրալոպիտեկի ողնաշարի առաջին ողը նույնպիսի մասերի է բաժանված, ինչպես և ժամանակակից մարդկանց մոտ: Այդ հատկանիշը բացակայում է ներկայիս կապիկների և մարդկանց հնագույն նախնիների մոտ, սակայն այն մեզ օգնում է կանգնած ժամանակ գլուխը պահել ուղղահայաց դիրքով», — պատմել է ամերիկացի գիտնական Մարկ Մեյերը:
Այսօրվա դրությամբ ժամանակակից մարդկանց ամենահին «ուղիղ» նախնին համարվում է Homo habilis-ը (հմուտ մարդը): Ավելի պարզունակ նախամարդու մյուս տեսակները դեռևս բանավեճերի և ուսումնասիրությունների առարկա են հանդիսանում գիտական շրջանակներում:
Այնուամենայնիվ, ուղիղ քայլող աֆարյան ավստրալոպիտեկներն այսօր համարվում են հմուտ մարդկանց առավել հավանական նախնիները:















