Նորություններ
Գերմանացի ընտանիքի՝ թենիսի գնդակների պահման «սովորական» թասն աճուրդում վաճառվել է 5 մլն դոլարով
21.06.2019
Գեղեցիկ փորագրություններով բրոնզաձույլ թասը, որը տասնամյակներ շարունակ պահվել է գերմանական մի ընտանիքում և օգտագործվել թենիսի գնդակները պահելու համար, աճուրդում վաճառվել է 5 մլն դոլարով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ընտանիքի անդամները պատկերացում անգամ չեն ունեցել, թե ինչ թանկարժեք նմուշ է սերնդեսերունդ փոխանցվել: Թասն ընտանիքին է պատկանել մոտ մեկ դար:

Ըստ փորձագետների՝ այն բացառիկ է, քանի որ պատրաստվել է չինական կայսեր համար՝ 300 տարի առաջ:
Թասի ներկայացրած իրական արժեքի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ հին իրերի գծով փորձագետ Ռեջի Փրիսվերկն այցելել է գերմանացիների տուն ու պատահմամբ նկատել նմուշը: Մասնագետի խոսքով՝ ինքն ուղղակի չի կարողացել հավատալ աչքերին, երբ տեսել է թասը:
Այն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, Փրիսվերկը պարզել է, որ թասը ստեղծվել է 1700-ական թվականներին՝ Ցին կայսերական տոհմի գահակալության ժամանակ: Թասի առանձնահատուկ նախշերը, մասնավորապես՝ փյունիկի և քաջվարդի պատկերները, վկայում են, որ այն ստեղծվել է հատուկ կայսեր համար: Հին Չինաստանում փյունիկն ու քաջվարդը եղել են բարգավաճման և երջանկության խորհրդանիշներ:
Արդյունքում 60 սմ լայնությամբ թասը ցուցադրության է հանվել Հոնկոնգում, իսկ հետո 5 մլն դոլարով վաճառվել շվեյցարական Koller Auctions աճուրդի տան կողմից:
Ընտանիքի ներկայացուցիչը պատմել է, որ իր նախապապն այն գնել է մոտ 100 տարի առաջ՝ Չինաստանում:


















