Նորություններ
Աշխարհի 6 ամենատպավորիչ անձեռակերտ կամուրջները:
31.10.2019
«Պոն դ’Արկ», Ֆրանսիա
Ֆրանսիական Արդեշ գավառում գտնվող «Պոն դ’Արկ» քարանձավը և այնտեղ գտնվող անձեռակերտ կամուրջը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից են: Այն ձևավորվել է ավելի քան 400 000 տարի առաջ, ունի մոտ 55 մետր բարձրություն և գտնվում է Փարիզ քաղաքից 520 կմ հարավ: Անձեռակերտ կամուրջը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Էյրս կամուրջ (Ayres Natural Bridge), Վայոմինգ նահանգ, Միացյալ Նահանգներ
Այս բնական կամուրջն ունի 15 մետր բարձրություն: Կամուրջը գտնվում է Օրեգոն պատմական մայրուղու մոտակայքում:
Օուաչոմո կամուրջ (Owachomo), Յուտա, Միացյալ Նահանգներ
Անձեռակերտ կամուրջների ազգային արգելոցում գտնվող կամուրջը երեք կամուրջներից ամենանեղն ու ամենափոքրն է: Կամրջի անունը բնիկ ամերիկյան Հոպի (Hopi) ցեղի լեզվով նշանակում է «ապառաժե բլուր»: Ըստ հաղորդման՝ Օուաչոմո կամուրջը մագլցելը բավականին դյուրին է. այն աշխարհում ամենաշատ լուսանկարված կամուրջներից մեկն է:
Ալոբայի կամար (Aloba Arch), Չադի Հանրապետություն
Կամուրջը գտնվում է Չադի Հանրապետության «Էնեդի բնական և մշակութային արգելոցում», որը նաև հայտնի է «Սահարայի դրախտ» անունով: Այն արգելոցում բազմաթիվ կամարներից մեկն է, որոնք ձևավորվել են միլիոնավոր տարիներ տևած երկրաբանական գործընթացների արդյունքում:
Վադի Ռամ կամ Լուսնի հովիտ
Լուսնի հովիտը գտնվում է Հորդանանում՝ նավահանգստային Ակաբա քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Վադի Ռամ անապատում բազմաթիվ անձեռակերտ կամուրջներ կան, սակայն դրանցից ամենահայտնիները «Փոքրիկ կամուրջ», «Ում Ֆրութ» և «Բուրդա» կամուրջներն են: Երկրաբանական գործընթացների արդյունքում ձևավորված կամուրջները կարմիր երանգ են ստացել երկաթի օքսիդի հետևանքով: Վադի Ռամ անապատում են նկարահանվել այնպիսի ֆիլեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Փոխակերպվողները», «Կարմիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսում», «Մարսեցին» և այլն:
Լուսնի բլուր, Չինաստան
Չինաստանում գտնվող կամրջի ընդհանուր բարձրությունը 230 մետր է: Կամարը ձևավորվել է այն ժամանակ, երբ բլուրի տակ գտնվող կրաքարային քարանձավը ժամանակի ընթացքում ջրի և քամու ազդեցությունների հետևանքով քայքայվել է:





















