Նորություններ

Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

16.04.2020

Չապլինը նշանավոր անգլիացի կինոդերասան, սցենարիստ, երգահան, ռեժիսոր, կինեմատոգրաֆի և համր կինոյի անգերազանցելի վարպետ է, և համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը:

Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում։ Նրա հոր՝ Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը՝ նա սկսել է խմել՝ մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը՝ Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։

6 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել՝ օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի՝ թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ -ում՝ սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։

Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում Ժնևի լճի ափին նրա հիշատակին արձան է կանգնեցվել։

Չարլի Չապլինը պատմության մեջ առաջին դերասանն է եղել, որի լուսանկարը հրապարակել են ամսագրի շապիկին: 1925 թվականի հուլիսի 6-ին դա արել է Time ամսագիրը:

Comments are closed.