Նորություններ

Այսօր ամերիկացի հանրահայտ գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի հիշատակի օրն է։

Այսօր ամերիկացի հանրահայտ գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի հիշատակի օրն է։

02.07.2020

?Հեմինգուեյը կյանքի օրոք ստացել է Պուլիտցերյան և Նոբելյան մրցանակներ: Գրել է 11 վեպ, ավելի քան 20 պատվածքների ժողովածու, բազմաթիվ ակնարկներ և մեկ պիես: Նրա գրքերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր: Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

?Վիպասանն իր գրական գործունեության ընթացքում աշխարհում հռչակվեց յուրատիպ ոճով, որն էլ ստացավ «այսբերգի տեսություն» անվանումը, ըստ որի՝ Է. Հեմինգուեյի ստեղծագործության մեջ գրեթե բացակայում են կերպարների կենսագրական մանրամասների պատկերները. գրողը ծանրանում է բնապատկերային արտահայտչամիջոցների կիրառման վրա՝ ծով, անձրև, ցլամարտ…,որոնք ընդգծում են գրական երկի իմաստային ուղղվածությունը:

?Իր կյանքի ընթացքում Հեմինգուեյը անցել է բազմաթիվ դժվարությունների միջով և քանիցս կռիվ է տվել մահվան դեմ: Նա հիվանդացել է սիբիրախտով, մալարիայով, շաքարախտով, թոքաբորբով և մի շարք այլ հիվանդություններով: Երկու անգամ ավիավթարի է ենթարկվել և հրաշքով փրկվել:

Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը հաճախ բուժվել է հոգեբուժարաններում. տառապել է դեպրեսիաներից և պարանոյաներից: Նրան թվում էր, որ իրեն հետևում են հետախույզներ և ՀԴԲ-ի գործակալներ: Միայն գրողի մահից հետո է հայտնի դարձել, որ ՀԴԲ-ն նրան իրոք հետևում էր, և նրա կասկածները հիմքեր ունեին:

Էլեկտրաշոկով մի քանի թերապիաներից հետո Հեմինգուեյը կորցրել է հիշողությունը՝ խորասուզվելով ընկճախտի մեջ: Բոլոր փորձությունները հաղթահարելուց և մահվան ճիրաններից մի կերպ դուրս պրծնելուց հետո նա ինքնակամ վերջ է դրել կյանքին: 1961 թ.-ի հուլիսի 2-ին Հեմինգուեյը ինքնասպանություն է գործել:

?Հեմինգուեյի ամենահայտնի ստեղծագործություններից են՝

«Գարնան տարափ», «Ֆիեստա», «Հրաժեշտ զենքին», «Ունենալ և չունենալ», «Ում համար է հնչում զանգը», «Ծերունին և ծովը», «Կղզի օվկիանոսում», «Էդեմի այգիներ» և այլն։

?Էռնեստ Հեմինգուեյի հայտնի մտքերից

Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:

Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:

Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:

Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:

Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:

Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:
Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:

Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում:

Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից: Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ: Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի:

Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:
Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս:

Comments are closed.