Նորություններ
Այսօր համբույրի միջազգային օրն է
06.07.2021
Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան: Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը՝ որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը:
Այս օրը աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ, մասնակիցները փորձում են նորանոր ռեկորդներ սահմանել։ Հաճախ խաղարկվում են տարբեր մրցանակներ ամենաերկարատեւ, ամենագեղեցիկ, ամենաանսովոր համբույրի համար:
Ի դեպ, 1990 թվականին նման մրցույթներից մեկի ընթացքում ամերիկացի Ա. Վոլֆրամը Մինեսոտա նահանգից 8 ժամվա ընթացքում հասցրել է համբուրել 8000 հոգու՝ յուրաքանչյուրին 3.6 վայրկյան: Ամենից շատ համբույր գրանցվել է 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուան» ֆիլմում՝ մոտավորապես 191 համբույր:
Ըստ հոգեբանների, առավել հաճախ համբուրվող մարդիկ ավելի հանգիստ են, հավասարակշռված:
Համբույրի ժամանակ մարդու սիրտը 70–ի փոխարեն բաբախում է մինչև 150 անգամ: Այդ հատվածում աշխատում է մարդու 30 մկան: Համբույրի ընթացքում զույգը մեկը մյուսին է փոխանցում 278 բակտերիաներ, որոնցից 95%-ը վտանգավոր չեն առողջության համար: Համբույրի ընթացքում մարդու շուրթերը փափկում են, դառնում վարդագույն, այդ իսկ պատճառով էլ այդ գույնի շուրթերը համարվում են գրավիչ:
Համբույրի միջազգային օրն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Մարդիկ՝ ծանոթ, թե անծանոթ, համբուրում են միմյանց, գրկախառնվում և կիսում իրենց էմոցիաներն ու հույզերը: Շատերի կարծիքով մարդիկ այսքան տարի շարունակում են համբուրել իրար, քանի որ այն չի դադարում մնալ զգացմունքների ամենապարզ և ամենահաճելի արտահայտումը:















