Նորություններ
Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոն
23.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ օգոստոսի 23-29-ը առաջին անգամ Երևանում կանցկացնի «SUMMEET» Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։
«SUMMEET» փառատոնը ներառում է ժամանակակից պարի բոլոր դրսևորումները՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարուսույցների բեմադրած պարային ներկայացումներ և պերֆորմանսներ, հրավիրված մասնագետների վարպետաց դասեր ու դասախոսություններ, ինչպես նաև կինոպարի հատուկ ծրագիր, որին նվիրված է առանձին հարթակ։
«SUMMEET» փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «Dancewalk» պարային նախագիծը, որը ստեղծել է շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտեն։ «Dancewalk»-ը պարային արտահայտություն է՝ ժամանակի և տարածության մեջ, որտեղ պարը դառնում է աշխարհագրություն, իսկ մարդը՝ բնապատկերի մի մաս։ Այս արտասովոր պերֆորմանսի շնորհիվ փառատոնի օրերին պարը դուրս կգա փակ դահլիճներից և կձգվի երևանյան փողոցներով։
Փառատոնի առանցքը հայկական ցուցադրությունն է, որտեղ մեկտեղված են հայ ժամանակակից պարուսույցների լավագույն բեմադրությունները։ Հայկական ցուցադրության շրջանակում ելույթ կունենա նաև Հայաստանում միակ ներառական պարային թատերախումբը։
Հետաքրքրական է նաև հայ պարուսույց Արսեն Մեհրաբյանի իրականացրած հնգօրյա լաբորատորիան, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարողները կմիավորվեն՝ սեղմ ժամանակահատվածում բեմական պատկեր ստանալու համար։
Ժամանակակից պարին նվիրված մեկշաբաթյա տոնի փակումը կազդարարի ռուսական հանրահայտ «Բալետ Մոսկվա» ընկերությունն իր «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացումով: Նշենք, որ այս ներկայացումը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» 2017 մրցանակաբաշխության դափնեկիր է՝ «Ժամանակակից պար/Լավագույն ներկայացում» անվանակարգում: Փառատոնի ծրագրին, վարպետաց դասերի և բաց դասախոսությունների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ www.summeetdance.org կայքէջում:















