Նորություններ

Ջերալդին Չապլինն ու Սամվել Թադևոսյանը՝ համատեղ «Ամրոց» ֆիլմում

Ջերալդին Չապլինն ու Սամվել Թադևոսյանը՝ համատեղ «Ամրոց» ֆիլմում

08.09.2021

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համատեղ արտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։

Գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։ Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմում է․ «Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է և նա փնտրում է «ֆիքսեր»՝ տեղանքների փնտրող, ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդերլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը, չնայած նրան, որ ես նման մեծ նախագծի փորձ չունեի»։ Ջեսիկա Վուդվորթը պատմում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում էին նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրել․ «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»։

Comments are closed.