Նորություններ
«La Bohème. Անցած օրեր». Շառլ Ազնավուրի մասին ամենածավալուն գիրքը` հայերեն
12.10.2021
«La Bohème. Անցած օրեր»․ հենց այսպես է կոչվում Շառլ Ազնավուրի ամենածավալուն ինքնակենսագրականը, որը գրել է տասնութ տարի առաջ ու խոսել իր կյանքի ու բեմի կուլիսներում մնացած ամենահետաքրքիր, հուզիչ ու դրամատիկ պատմությունների մասին, թե ինչպես է հանդիպել ու կյանքը կապել իր երեք կանանց հետ ու ինչպես է գոյատևել երկրորդ աշխարհամարտի տարիներին, պատմել Նյու Յորքի արկածների մասին:
Գրքի խմբագիր Սամվել Գասպարյանը նշում է, որ Ազնավուրը 89 տարեկանում գիրք գրեց, ինչը շատ զարմանալի է։ Գրքի թարգմանիչը Ռումինիայում, Չեռնոգորիայում Հայաստանի նախկին դեսպան, Ֆրանսիայում նախկին դեսպանորդ, դիվանագետ Համլետ Գասպարյանն է, որն այն թարգմանել էր դեռևս 20042-ին, բայց միանալով «Նյումեգ»-ի ազնավուրյան շարքի թարգմանական նախաձեռնությանը, վերաթարգմանեց բազմաթիվ հատվածներ ու վերախմբագրեց գրքում տեղ գտած բանաստեղծությունները, քանի որ, նրա խոսքով, ժամանակին թարգմանությունն արել էր հապճեպ։ Համլետ Գասպարյանը շնորհանդեսից ընդամենը երկու շաբաթ առաջ ծանր հիվանդությունից մահացավ ու չհասցրեց վայելել վերջնարդյունքը։
«La Bohème. անցած օրեր» գրքի շնորհանդեսին զուգահեռ՝ ազնավուրասերներին ներկայացվեց շանսոնյեի «Տարեք ինձ» երգը հայերեն։ Հենց այս ստեղծագործության մեղեդու ներքո երեք տարի առաջ աշխարհը Ազնավուրին հրաժեշտ տվեց:
Վեցերորդ գրքով ավարտվում է լեգենդար արտիստի արձակ ժառանգությունը: Առջևում նրա պոեզիան է` իրական, ինչպես Ազնավուրի կյանքը, դժվար, պարզ, բայց միևնույն ժամանակ բարդ ու բուռն:
Նյութի աղբյուրը՝ www.tert.am















