Նորություններ
«Աշխարհագրական թոհուբոհ»՝ Ռադիո «Ֆամա»-յի եթերում
01.11.2021
Նոյեմբերի 1-ին լրանում է մեր՝ առաջին համալսարանական ռադիոյի՝ «Ֆամա»-յի գործունեության 8-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում ռադիոն ունեցել է բազմաթիվ նախագծեր, հետաքրքիր և նորարար մոտեցումներով հաղորդաշարեր, որոնք հեղինակել են բուհի ուսանողները։
Տարեդարձի առթիվ՝ «Ֆամա»-յի եթերում նոյեմբերից կարող եք ունկնդրել ՀՊՄՀ-ի հենակետային ավագ դպրոց-վարժարանի ավարտական դասարանի աշակերտներ Էլեն Միրզոյանի և Մարինե Զոհրաբյանի հեղինակային՝ «Աշխարհագրական թոհուբոհ» հաղորդաշարը։
Առաջին թողարկումներն արդեն պատրաստ են եթերի։ Հաղորդման հեղինակները հետաքրքիր ձևաչափով կներկայացնեն տարբեր երկրներ, դրանց մասին հետաքրքրաշարժ փաստեր.հաղորդաշարի առաջին թողարկումը կպատմի մեր երկրի՝ Հայաստանի մասին։
Եթե թոհուբոհ, ապա միայն աշխարհագրական։ Կտրվե՛ք առօրյայից և միացեք ռադիո «Ֆամա»-յին՝ ավելացնելու աշխարհագրական գիտելիքների ձեր պաշարը։
Շնորհավորում ենք ոչ միայն Էլենին ու Մարինեին, այլև միշտ երիտասարդական, հետաքրքիր ու տեղեկատվական, ամենուր հասանելի ՝ առաջին համալսարանական ռադիո «Ֆամա»-յին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։















