Նորություններ
Շնորհավոր տոնդ, սիրելի ուսանող
18.11.2021
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի ուսանողներ,
ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուսանողությունը եղել և շարունակում է լինել յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի երաշխիքը: Այդ համատեքստում առանձնակի կարևոր է հատկապես ձեր` ապագա մանկավարժներիդ դերակատարությունը: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է. դուք պետք է ապահովեք կիրթ ու բանիմաց սերունդների այնպիսի հերթափոխ, որը կկարողանա լինել մեր հասարակության ամուր հենարանը: Զինեք ձեր աշակերտներին այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որ նրանք կարողնանան ապահովել պետության զարգացման, առաջընթացի կարևորագույն երաշխիքը:
Մենք թևակոխել ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ օր օրի ավելի է կարևորվում կրթությունն ու գիտությունը` դառնալով մարտահրավերներին դիմագրավելու միակ զենքն ու երաշխիքը:
Եղեք պահանջատեր, նախաձեռնող, պրպտող, ներդրեք բոլոր ջանքերը կրթվելու և պիտանի մարդ դառնալու գործում: Այսօրվա ուսանողի ձգտումով, հաստատակամությամբ ու երազանքով է պայմանավորված վաղվա Հայաստանը:
Մաղթում եմ ուսումնառության հետաքրքիր ու անմոռանալի, հագեցած ու բովանդակալից տարիներ:
Վստահեցնում եմ` Մանկավարժական համալսարանը ուսանողի կողքին է, շարունակելու է իր մեկդարյա ավանդույթները և կրթելու է Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անվանը և վեհ գաղափարներին վայել մանկավարժներ ու մասնագետներ:
Սիրելի ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ, մաղթում հաջողություններ ուսման մեջ և նպատակների իրականացում»:















