Նորություններ
Այսօր է ծնվել Ալեքսանդր Թամանյանը
04.03.2022
Այսօր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Կրասնոդարում, կրթություն ստացել Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում: Դեռ երկրորդ կուրսում նա աչքի էր ընկնում իր ինքնատիպ ոճով․ այդ տարիքում նա արդեն ուներ պատվերներ։
Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907–1913 թթ.- ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ: 1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ և առաջացել անհագուրդ ցանկություն՝ կառուցել հայրենի մայրաքաղաքը։ Այդ տարիներին տիրող քաղաքական խառնաշփոթը, հեղափոխությունն ու հետապնդումները նոր տեղափոխության պատճառ դարձան։ 1923-ի մարտին ճարտարապետն ընտանիքի հետ վերջնականապես հաստատվում է Երևանում:
Նրա ճարտարապետական առաջին և կարևորագույն աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն էր (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Նա գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան:
Շատ չեն այն քաղաքները, որոնք ժամանակին կառուցվել են միայն մեկ մարդու նախագծով: Երևանը Թամանյանի հանճարի շնորհիվ այդ քաղաքներից է















