Նորություններ
Այսօր է ծնվել Լեոնիդ Ենգիբարյանը
15.03.2022
Այսօր 20-րդ դարի կրկեսի նշանավոր արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1935 թվականին Մոսկվայում։ Կես տարի սովորել է Ձկնային տնտեսության, ապա Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ):
Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի կլոունադայի բաժինն ավարտելուց հետո նա գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից նկարահանվել է կինոյում։
Կրկեսից բացի, Ենգիբարյանը հանդես է եկել էստրադայում «Մնջախաղի երեկոներով», գրել է արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվել է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66») և այլ ֆիլմերում՝ «Մանեժում պատանեկությունն է», «Վառարան-նստարաններ», «Վզնոց իմ սիրելիի համար» և այլն։
Ենգիբարյանը ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները:
«Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ եք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականություն կոչվածը, ձեր սերը»:
«Նրանք, որոնց սիրում են, արտասովոր են դառնում»
«Նպատակս և երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին՝ ես հավատում եմ երջանիկ ընթացքին»















