Նորություններ
Մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը
19.03.2022
Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն էր:
Նիստին ներկա էին Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, միաձայն` 19 կողմ, ձայնով պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր համարվեց քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար։ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և նշեց, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց. «Խորհուրդը Ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»:
Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավելեց, որ դա շատ պատվաբեր և պարտավորեցնող է: Նա ոգեշնչող համարեց Խորհրդի պատրաստակամությունը և ընդգծեց` լիահույս է, որ բուհը կհաղթահարի մանկավարժական կրթության առջև ծառացած ճգնաժամը:















