Նորություններ
Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում է
11.05.2022
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն անցավ եզրափակիչ փուլ։
Հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում երգչուհին հաղթահարեց առաջին կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 14-ին:
«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում:
Մինչ կհայտարարվեին եզրափակիչ անցած երկրները, բեմ բարձրացավ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան՝ հիշեցնելով, որ 2022-ին «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Հայաստանում: Մալենան շեշտեց, որ Հայաստան գալով՝ հյուրերը կարող են ծանոթանալ հայկական յուրահատուկ և համեղ խոհանոցին, բարի և հյուրընկալ մարդկանց և հինավուրց տեսարժան վայրերին:
Եզրափակիչ փուլ անցան նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:
Ռոզա Լինը հանդես եկավ «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է:
Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:















