Նորություններ

ՀՊՄՀ ուսանողը՝ ֆոտոմրցույթի հաղթող

ՀՊՄՀ ուսանողը՝ ֆոտոմրցույթի հաղթող

24.05.2022

Օրերս «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում կայացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կազմակերպած «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։

Մրցույթի մասնակիցները 40-ն էին․թեմատիկ առումով նկարները բազմազան էին, իսկ հեղինակները` ինչպես արհեստավարժ լուսանկարիչներ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալներ։

Վերջիններս լուսանկարների միջոցով կիսվել են Սևանա լճի հետ կապված հիշողություններով, լճի խնդիրների և դրանց լուծումների մասին իրենց պատկերացումներով․ ներկայացված են եղել նաև ժապավենային ֆոտոխցիկով արված արխիվային լուսանկարներ։

«Իմ լավագույն հիշողությունը Սևանի հետ», «Ի՞նչ խնդիրների է բախվում այսօր Սևանը», «Ինչպե՞ս պահպանենք Սևանը» և «Պրոֆեսիոնալ լուսանկար» անվանակարգերում հաղթողները 8-ն էին։

Ֆոտո մրցույթին մասնակցել է նաև ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Լիլիթ Սարգսյանը։ Վերջինս «Իմ լավագույն հիշողությունը Սևանի հետ» անվանակարգում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը։

«Սևանա լճի ալիքների վրա լողացող, երկնքում ճախրող թռչուններն ինձ համար եղել են փոքրիկ, սպիտակավուն, սովորական թռչուններ։ Ամեն ինչ փոխվեց, երբ տեսախցիկով այցելեցի Սևանա լճի ափերից մեկը, որը կարծես թե պատկանում էր որորներին: Բազում փորձերից հետո կարողացա որսալ այն ակնթարթը, որի մասին անգամ չէի էլ կարող երազել»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Սարգսյանը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն հայտնեց մրցույթի մասնակիցներին ցուցաբերած հետաքրքրվածության համար` նշելով․ «Սևանա լճի հետ կապված մեր քաղաքացիների հիշողությունները, առկա խնդիրները վեր հանող մրցույթը հաստատեց՝ Սևանի նշանակությունը տարիների ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար»։

Տեղեկատվությունը՝ www.aspu.am-ի

 

Comments are closed.