Նորություններ
Եվրատեսիլյան արձագանքներ իտալական մամուլում
25.05.2022
Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և սոցիալական ցանցերում։
Ռոզա Լինի ելույթին անդրադարձել են իտալական այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են La Stapma-ն ու Corriere Della Sera-ն։ Corriere Della Sera-ի թղթակիցները նշել են, որ հայ մասնակցի կատարումը Եվրատեսիլի ամենագեղեցիկ երգերից մեկն էր։
Սոցիալական ցանցերում իտալացի մի շարք բլոգերներ և լրագրողներ նշել են, որ Եվրատեսիլը բացարձակ քաղաքական կառույց է դարձել՝ հարցադրում անելով, թե եթե այս տարի մրցանակը տրվեց Ուկրաինային, ինչո՞ւ նույն տրամաբանությամբ երկու տարի առաջ այն չտրվեց Հայաստանին։
Լրագրողներից մեկը իր սոցիալական կայքում գրել է. «Հայաստանը 2015 թվականին նախազգուշացվել էր, որ Եվրատեսիլին ներկայացված երգը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ էր անում՝ Հայաստանին մեղադրելով Եվրատեսիլը քաղաքականացնելու համար: Հաջորդ տարի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը կազմակերպիչների կողմից դարձյալ զգուշացվել էր առաջին կիսաեզրափակչի ընթացքում Արցախի դրոշը ցուցադրելու համար։ Տարակուսելի է, որ այս տարի ուկրաինացի երգիչները հստակ հղում կատարեցին պատերազմին ու Ազովստալին և արժանացան ծափահարությունների … նրանց ամեն ինչ կարելի է»,-եզրափակել է լրագրողը։















