Նորություններ

Խորեոգրաֆիկ ներկայացում՝ «Մինասի գույները»

Խորեոգրաֆիկ ներկայացում՝ «Մինասի գույները»

06.06.2022

Մինաս Ավետիսյանի ներաշխարհը, բնավորության գծերը, հույզերը, ապրումները, կտավներն ու դրանց մոգական գույները կենդանացել էին ՀՊՄՀ-ի Պարարվեստի մանկավարժություն բաժնի 4-րդ կուրսի ավարտական քննություն-համերգին։

Հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ «Լեռներում», «Մայրություն», «Ջուլհակուհիներ», «Քամանչա» և հայտնի այլ գործեր ներկայացված էին «Մինասի գույները» խորեոգրաֆիկ ներկայացմանը՝ արտացոլելով «գույների կախարդի» վառ ու անզուգական աշխարհը, լսելի դարձնելով մարդկային մտորումներն ու նրա հոգու ձայնը։

Մանկությունից մինչև կյանքի վերջին տարիներ․ պարային բազմաժանր բեմադրությունում՝ հանդիսատեսի հետ շփման, իր լուսավոր, քնարական տրամադրությամբ, երբեմն՝ ողբերգական շեշտերով վարպետի վառ ու ինքնատիպ խառնվածքն է։

Պարարվեստի ամբիոնի դոցենտ, 4-րդ կուրսի ղեկավար Գոհար Աբրահամյանը խոստովանում է՝ յուրահատուկ վերաբերմունք ունի մեծ ջաջուռցու արվեստի նկատմամբ․ այդ է պատճառը, որ տարբեր ոլորտների շուրջ 20 արվեստագետներից ընտրվեց հենց Մինասը։

Մեկուկես տարվա քրտնաջան և հետևողական աշխատանքի արդյունքում ծնված ծավալուն պարաբեմադրությունում երիտասարդ մասնագետների կատարողական ունակություններն էին, բեմադրիչների ստեղծագործական երևակայությունն ու գաղափարական մտահաղացումները։

«Կերպարվեստը երաժշտություն է, որը տեսնում ենք, իսկ երաժշտությունը՝ կերպարվեստ, որը լսում ենք․այսօր դրանք մեկտեղվեցին Մինասի գույներում, յուրքանչյուրիս սրտում և հոգում։ Մինասի գույները, փիլիսոփայությունը, պարի մոգական, անզուգական ներազդումը յուրաքանչյուրիս հոգեկանի վրա, հետաքրքիր, նոր ու իմացական պահանջմունքների բավարարման, հուզականության դրսևորման, ստեղծագործական վերելքի երևակայության սահամաններում ուրվագծված նորի ու հրաշալիի որոնումների ճանապարհ էր։ ՀՊՄՀ շրջանավարտներն ու պարի մանկավարժության նվիրյալները մատուցեցին մանկավարժության մի նոր դաս․ որակ, որ հարիր է 100-ամյա պատմություն ունեցող բուհին»,- ստուգատեսի ավարտին նշեց ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։

Պրոֆեսորը Գևորգյանը վստահ է՝ ամբիոնը կշարունակի զարմանահրաշ կոմպոզիցիներ պարգևել՝  նպաստելով մանկավարժության որակի զարգացմանը, ոլորտում նոր հմտությունների և փիլիսոփայության ձևավորմանը։

Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը դժվարանում է մի քանի րոպեում արժևորել ուսանողների տքնաջան ու անդադրում աշխատանքը։

Նրա համար հպարտության օր է․ պարարվեստի մանկավարժության շրջանավարտները զինվել են մասնագիտական որակներով և պատրաստ են մուտք գործել մեծ պարարվեստ՝ իրենց սաներին զինելով ազգային պարի ոգով, փիլիսոփայությամբ և բնավորությամբ ։

«Բոլորիդ գերազանց եմ նշանակում»,- հավելեց Կարեն Գևորգյանը՝ դիմելով 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտներին։

Ի դեպ, «Մինասի գույները» խորեոգրաֆիկ ներկայացմանը ներկա էր նաև Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը։ Վերջինս aspu․am-ի հետ զրույցում խոստովանեց՝ պարային բեմադրությունների միջոցով Մինասի արվեստին անդրադառնալուն անլուրջ է վերաբերվել։

Այն, ինչ տեսավ, հիացրեց ու զարմացրեց․ մեծ աշխատանք էր կատարված, որը տարավ Մինասի հարազատ բնաշխարհ՝ Ջաջուռ, որտեղ թևածում է նկարչի ոգին։

Տեղեկատվությունը՝ www.aspu.am

 

 

 

Comments are closed.