Նորություններ
Տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան
09.06.2022
Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան։
ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և Հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցության շնորհիվ։
Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է:
«Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է:
Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:
Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ:
«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան՝ Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանը կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար արժանացել է նաև «Life achievement award» հատուկ մրցանակի:
Կինոդահլիճ մուտքն ազատ է։















