Նորություններ
Թողարկվել է ՀՊՄՀ-ի 100-ամյակին նվիրված նամականիշ
20.06.2022
Շրջանառության մեջ դրվեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» նամականիշը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի համատեղ նախաձեռնությունը նվիրված է բուհի մեկդարյա հոբելյանին։
Նամականիշի մարումն իրականացրին ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, «ՀայՓոստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանն ու ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Նամականիշը, որի դիզայները Ռեմ Սահակյանն է, տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20․000 տպաքանակով և 590 դրամ անվանական արժեքով։
Նամականիշի վրա պատկերված է բուհի շենքը, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև հիմնադրմանը նվիրված լոգոտիպը։
ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանը օրը խորհրդանշական համարեց, իսկ բուհը՝ հանրապետությունում ուսուցիչներ պատրաստող հիմնական դարբնոց, որն իր ուրույն տեղն ունի երկրի գիտակրթական կյանքի զարգացման գործում։ Փոխնախարար Թռչունյանը ևս մեկ անգամ ընդգծեց ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի կարևոր դերը երկրի բուհական համակարգի բարեփոխումներում և հույս հայտնեց, որ հաջորդ 100-ամյակում ձեռքբերումները կներկայացվեն թվային մեթոդներով։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այն կարծիքին է, որ օրվա խորհուրդը մեկտեղում է հազարավոր ձեռքբերումներ, գիտակրթական ներդրում և առաջընթաց, որով պայմանավորված է մեր երկրում և բուհում մանկավարժական և ուսուցչական ոլորտի որակական փոփոխությունները։ Ռեկտորն այն կարծիքին է, որ բուհի՝ «Սովորեցնում ենք սովորեցնել ․․․ու արդեն 100 տարի» կարգախոսը կնպաստի շարունակական ձեռքբերումներումներին։
ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին բուհի 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորեցին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը, ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Վերջիններս ևս մեկ անգամ կարևորեցին Մանկավարժական համալսարանի անուրանալի դերը սերունդների կրթության և դաստիարակության գործում, ինչպես նաև մեր երկրի կրթության, գիտության, մշակույթի և տարբեր ոլորտների առաջընթացում։
Նրանք հույս հայտնեցին, որ շչրջանառության մեջ դրված նամականիշի շնորհիվ հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող բուհի մասին կիմանա ամբողջ աշխարհը։
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց բուհի պարային բաժնի ուսանողների համերգով։