Նորություններ

ՀՊՄՀ-ի «Լավագույն ուսանողներ»-ը Վրաստանում էին

ՀՊՄՀ-ի «Լավագույն ուսանողներ»-ը Վրաստանում էին

29.06.2022

ՀՊՄՀ-ի 2021 թվականի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի հաղթողները, որպես խրախուսանք, իրենց եռօրյա հանգիստն անցկացրին Վրաստանում։

Այցելության առաջին օրն ուսանողները եղան Թբիլիսիի հնագույն վայրերից մեկում՝ Նարիկալա ամրոցում, լսեցին 4-րդ դարում հիմնադրված կառույցի պատմությունը, շրջեցին մայրաքաղաքի կոլորիտային և գլխավոր փողոցներով։

Աբովյանականներն այցելեցին նաև Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը՝ Սուրբ Գևորգ եկեղեցի, ստացան տեղի քահանայի օրհնությունը։

Ուսանողներն այցի ընթացքում եղան նաև 5-րդ դարին թվագրվող ծծմբային բաղնիքների թաղամասում՝ Աբանոթուբանիում, շրջեցին 156 մետրանոց պողպատե կարկասից բաղկացած Խաղաղության կամրջով, վայելեցին գիշերային Թբիլիսիի ողջ հմայքը։

Հանգստի հաջորդ օրը պատմաճանաչողական էր․ աբովյանականները հայկական շնչով ու կոլորիտով հագեցած Թբիլիսիի՝ «փոքրիկ Հայաստան բլրի վրա» կոչվող Հավլաբար թաղամասում էին։ Նրանք այցելեցին հայ մտավորականների պանթեոն, շրջեցին հարևանությամբ գտնվող վրացական Սբ. Երրորդություն վանական համալիրում։

Վրաստան կատարած տուրի հաջորդ օրը նշանավորվեց Թբիլիսիում՝ բլրի վրա, երկրի պատմությանը նվիրված հուշարձան կատարած այցով։ Ուսանողները ծանոթացան վրացական պատմության նշանակալից էջերին։ Ասում են, որ հուշակոթողը կիսատ է․ այն կավարտվի, երբ ավարտվի Վրաստանի պատմությունը։

Պատմամշակութային հաջորդ կանգառը մ. թ. ա. առաջին հազարամյակի երկրորդ կեսին հիմնադրված Մցխեթայի մարզն էր․ՀՊՄՀ-ի լավագույն ուսանողները ծանոթացան մարզի պատմությանը, քրիստոնեության տարածմանը, եղան տեղի եկեղեցում, այցելեցին Ջվարիի տաճար։

Վրաստան կատարած այցի վերջին օրն ուսանողներն անցկացրին յուրօրինակ գինիներով հայտնի Կախեթի մարզում․այցելեցին հինավուրց Բոդբեի վանական համալիր, որտեղ գտնվում են Վրաստանի առաջին առաքյալ Սբ. Նինոյի գերեզմանը, Սբ. Ստեֆանի և Սբ. Գեորգի եկեղեցիները: Եռօրյա հանգիստն ավարտվեց սիրո քաղաքում՝ Սիղնախիում։

Բանասիրական ֆակուլտետի լավագույն ուսանող Աննա Կոստանյանն ուրախությամբ է նկատում՝ դրական և անմոռանալի տպավորություններով է վերադարձել Հայաստան։

Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Թամարա Արշակյանին էլ տպավորել է սիրո քաղաքը՝ իր պարիսպներով և գեղեցիկ ճարտարապետությամբ․ «Սիղնախին տաք և հարմարավետություն փոխանցող էներգետիկա ուներ, իսկ Թբիլիսին՝ հնի և նորի համադրման կենտրոն դարձավ ինձ համար։ Եռօրյա այցի ընթացքում ձեռք բերեցինք նաև նոր ընկերներ․վերադարձանք հայրենիք՝ կարոտած»։

Բուհի լավագույն ուսանողները շնորհակալություն հայտնեցին Մանկավարժական համալսարանի ղեկավարությանը՝ ուսումնաճանաչողական այցի և անմոռանալի տպավորություններ պարգևելու համար։

— See more at: https://aspu.am/hy/content/hpmh-i_lavaguyn_usanoghner-y_vrastanum_ein/#sthash.4pLpswb1.dpuf

Comments are closed.