Նորություններ

ՀՊՄՀ ուսանողներն ու դասախոսները մաքրեցին Երևանյան լճի ափը

ՀՊՄՀ ուսանողներն ու դասախոսները մաքրեցին Երևանյան լճի ափը

23.09.2022

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դասախոսները և ուսանողներն այսօր իրականացրին էկոլոգիական յուրատեսակ միջոցառում․ «100 ուսանող և դասախոս, բուհի 100-ամյակին ընդառաջ» կարգախոսով, կենցաղային աղբից մաքրեցին Երևանյան լճի ափամերձ հատվածը․ պոլիէթիլենային, պլաստիկ իրեր, կենցաղային աղբ և այլն՝ լճի հարակից տարածքում և ափին, որտեղ աղտոտվածության պատճառով առաջացել են նաև բնապահպանական մի շարք խնդիրներ։

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանն aspu.am-ի հետ զրույցում նկատեց, որ աղբահանության խնդիրը լուրջ մարտահրավեր է ողջ մարդկության համար։

«Էկոլոգիական միջոցառումն ունի ուսումնական և դաստիարակչական նշանակություն։ Մասնակցելով այս ձեռնարկին՝ ապագա ուսուցիչներն իրենց և իրենց աշակերտների մեջ կսերմանեն էկոլոգիական կրթության հիմունքները, շրջակա միջավայրը մաքուր պահելու մշակույթը»,-նշեց ֆակուլտետի դեկանն ու հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական, քանի որ տարածքը մեկ օրվա կամ մեկ նախագծով հնարավոր չէ իրականացնել։

Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ Ռուզաննա Սադոյանը նկատում է ՝ կուտակված աղբը կարող է հանգեցնել լճի ճահճացման։ Բացի այդ, աղբի վերածված տարատեսակ իրերը բնության վրա բացասական տարբեր մեխանիզմներով կարող են ազդել՝ հասցնելով էկոհամակարգի հավասարակշռության խախտման։

«Երբ ուսանողները տեսնում են մարդկային անփույթ գործունեության արդյունքները՝ աղտոտված տարածքները, հաջորդ անգամ իրենք չեն աղտոտի շրջակա միջավայրը։ Երևանյան լիճը արհեստական է, որ ձևավորել է մարդը ոռոգման, գեղագիտական և այլ նպատակներով․ մարդն աղտոտում է այն, ինչ ինքն է ստեղծել։ Բացի այդ, լիճը կարմիրգրքյան բազմաթիվ կենդանատեսակների համար ապաստարան է»,- նշում է կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանն ու հավելում, որ այսօրվա ձեռնարկը կարծես կոչ լինի՝ միանալ և համախմբվել շրջակա միջավայրի մասին հոգ տանելու, աղտոտվածության դեմ պայքարելու համար։

Միջոցառումն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ․ մասնակիցներին տրամադրվել էր աղբահանության համար անհրաժեշտ պարագաներ։

Հավելենք, որ «100 ուսանող և դասախոս՝ բուհի 100-ամյակին ընդառաջ» միջոցառումն ամփոփվեց գործնական դասով․ մաքրման պրոցեսից հետո նախապես տեղադրված ցանցերում բռնված ձկներով ուսանողները ծանոթացան Երևանյան լճում բազմացող ձկնատեսակներին, նրանց տարբերություններին, անդրադարձան ձկների և թռչունների միջև եղած կապին։

Տեղեկատվությունը՝ https://aspu.am/

Comments are closed.