Նորություններ
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը
21.09.2022
31 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։
Անցած տարիների ընթացքում մեր երկիրը անցավ բազմաթիվ դժվարությունների միջով՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։ Բայց վերջին պատերազմը, կարծես վերջին հարվածն էր մեր պետականությանն ու մեր ժողովրդի կամքին։ Բայց այն ստիպում է ոտքի կանգնել և տեր լինել դարերով երազած և անցած դարավերջին ձեռք բերված ամենակարևոր, գերագույն արժեքին՝ անկախությանը։
Այսօր, առավել քան երբևէ, պետք է հիշել ու խոնարհվել նրանց առաջ, ովքեր չխնայեցին իրենց կյանքը՝ մեր, սերունդների, երկրի բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի համար։
Այսօր նրա՛նց տոնն է՝ առաջին հերթին։ Իսկ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք նրանց կյանքի գնով մեզ ժառանգվածը սրբորեն պահպանել և փոխանցել գալիք սերունդներին։
Մենք՝ մանկավարժականցիներս, այդ պետք է անենք առավել մեծ պատասխանատվությամբ՝ որպես կրթող, սովորեցնող, սովորել սովորեցնող և հարյուրամյա ավանդույթներ ունեցող ուսումնական հաստատություն։
Եվ ուրեմն, շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն։
Անկախության մասին «Հաջողության բանաձևի» անդրադարձը դիտեք կիրակի, սեպտեմբերի 25-ին, ժամը 11-ին ATV հեռուստաընկերության եթերում։















