Նորություններ
Առաջին մրցանակ՝ «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցադրության համար
30.09.2022
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ:
Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում։
Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական հանձնաժողովի և առցանց բաց քվեարկության միջոցով։ Մրցանակաբաշխությանը ներկայացված էին նաև Նիդեռլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։
Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում:
Նշենք, որ ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։
Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։
Տեղեկատվությունը՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի















