Նորություններ

Մեծարման երեկո՝ նվիրված կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին 

Մեծարման երեկո՝ նվիրված կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին 

03.10.2022

«Մանկավարժական համալսարանն ինձ համար մի նոր աշխարհ էր, որովհետև այլ բան է նկարահանման աշխատանքը, այլ բան է դասավանդելը, իմացածը հաղորդելը: Ես ուրախ եմ և հպարտ, որ իմ ուսանողներն արդեն կայացած մասնագետներ են, վարպետներ»,-նշեց հայտնի կինոօպերատոր, ՀՊՄՀ-ի նախկին դասախոս Լաերտ Պողոսյանը:

Նա 15 տարի Մանկավարժական համալսարանում դասավանդել է կինոֆոտո վարպետություն, աշխատել տաղանդավոր ռեժիսորների հետ, նկարահանել բազմաթիվ ֆիլմեր, որոնք մինչ օրս հայ կինոյի ոսկե էջերից են՝ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Ձորի Միրոն», «Տժվժիկ» և այլն։

Հայտնի կինոօպերատորին հոբելյանին նվիրված միջոցառման ներկաներից շատերը վարպետի ուսանողներն են եղել, ոլորտում կայացած մասնագետներ, որոնք էլ պատրաստել էին իրենց ուսուցչին՝ կինոօպերատորության ոլորտի երախտավորին նվիրված ֆիլմ։ Ֆիլմում հոբելյարի կյանքի վառ ու գունեղ դրվագներն են, հիշողություններ տարբեր նկարահանումներից, հաղթահարած դժվարություններից։
Թեև վարպետը բոլորել է իր կյանքի 91-ամյակը, սակայն հայ կինոյի լեգենդի՝ Արտավազդ Փելեշյանի հետ նոր ֆիլմ նկարելու, նոր մոտեցումներ ձևավորելու միտքը նրան հանգիստ չի տալիս։

«Լաերտ Պողոսյանը ոչ միայն ժապավենով, այլև իր երևակայությամբ մեզ նվիրեց իր ապրած ժամանակաշրջանը»,-իր խոսքում նշեց վարպետի ուսանողը՝ Արմեն Ամիրյանն ու թվարկեց այն բոլոր ֆիլմերը, որոնք կարելի է համարել մեծ նվեր հայ կինոսերներին ու կինոֆոնդին։

«Իմ տարիներն իմ հարստությունն են: Ձեզնից յուրաքանչյուրին իմ կյանքի, օրերի, տարիների, պահերի մասնակիցն է եղել»,-հպարտությամբ նշեց Լաերտ Պողոսյանն ու վերհիշելով իրեն նախորդած կինոօպերատորության ոլորտի երախտավորներին՝ հորդորեց մշտապես հիշել և արժևորել երախտավորներին։ Ներկաներն իրենց ելույթներում կարևորեցին Լաերտ Պողոսյանի անգնահատելի դերը «Հայֆիլմ» կինոստուդիայի կայացման գործում, հայ կինեմատոգրաֆի պատմության ընթացքում, ինչպես նաև նրա ստեղծագործական փորձառությունը։

Ի թիվս բազմաթիվ պարգևների, վարպետին նվիրված երեկոյի ընթացքում Մանկավարժական համալսարանի օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը բուհի Գիտական խորհրդի որոշմամբ՝ վարպետին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։

Comments are closed.