Նորություններ
Չարենցի ստեղծագործությունները՝ ֆրանսերենով
28.10.2022
Օրերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կայացավ Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:
Եղիշե Չարենցի ծննդյան 125 և մահվան 85-ամյակներին նվիրված ««Ծիածանը» և ․․․» գիրքը իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասարակության, հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում:
Գիրքը վերնագրված է ««Ծիածանը» և…», քանի որ այնտեղ զետեղված են Եղիշե Չարենցի «Ծիածանը» շարքը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր` 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով):
Ֆրանսերեն թարգմանության հեղինակն է լուսահոգի Արամ Բարլեզիզյանը: «Ծիածանը» և…» գիրքը թարգմանչի կյանքի վերջին ամիսների աշխատանքն է ու նրա հիշատակի հավերժացումը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև գրքի թարգմանության ընթացքում Արամ Բարլեզիզյանի՝ ձեռագրով արված նշումների թուղթը, որը պահվել է Ե․ Չարենցի տուն-թանգարանում:















