Նորություններ
«Ավրորայի լուսաբացը»՝ երևանյան կինոթատրոններում
03.11.2022
«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոյեմբերի 3-17ը կցուցադրվի երևանյան կինոթատրոններում։
Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռևս հուլիսին՝ երևանյան «Ոսկե Ծիրանի» օրերին՝ մասնակցելով փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ և արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է՝ Հայաստան-Գերմանիա-Լիտվա։
Ֆիլմի նյութը պատմական է՝ Հայոց ցեղասպանություն, եղեռն ապրած հայուհու դրամատիկ կյանքի պատմություն։ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը եղեռնը վերապրած այն եզակի հայուհիներից է, որ իրենից հետո թողել է արժեքավոր պատառիկներ, որոնք էլ դարձել են 96 րոպե տևողությամբ «Ավրորայի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ֆիլմի հիմքը։ Ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը՝ Հայկական ազգային կինոակադեմիան ընտրել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։
Բացի այդ, ֆիլմը նոմինացվել է Asia Pasific Screen Award մրցանակաբաշխությանը, «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA)՝ Best of Fests ծրագրում։
Ի դեպ, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ֆիլմի ամերիկյան պրեմիերան Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում և արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։















