Նորություններ
Նոյեմբերի 1-ը Ռադիո Ֆամայի ծննդյան օրն է
01.11.2022
2013-ի նոյեմբերի 1-ից Ռադիո Ֆաման սկսեց իր գործունեությունը։ Այն կոչվեց Ֆամա՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունական աստվածուհու անունով: Արդեն ինը տարի Ռադիո Ֆաման 24/7 սկզբունքով իր ունկնդիրներին է փոխանցում լավ տրամադրություն, ապահովում ամենատարբեր ոլորտներին առնչվող տեղեկատվությամբ՝ սպասվող միջոցառումներից մինչև մասնագիտական ուղղվածությամբ հաղորդումներ։
Այս ողջ ընթացքում Ռադիո Ֆաման իր դռներն է բացել, ճանապարհ հարթել բոլոր նրանց համար, որոնք ռադիոհաղորդում ստեղծելու առաջին քայլերն անելու ցանկություն են ունեցել։ Մինչ օրս Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ նախաձեռնել և իրագործել են տարբեր ռադիոհաղորդումներ՝ անդարադառնալով երիտասարդության շրջանում մեծ պահանջարկ ունեցող թեմաներին։
Հիմա էլ Ռադիո Ֆամայի հաղորդացանցի մեծ հատված տրամադրված է հենց ուսանողներին․ նրանք ապագա լրագրողներ են, մանկավարժներ ու հոգեբաններ, որոնք անդրադառնում են մասնագիտական հարցերի, հրավիրում փորձառուներին՝ ձայնագրման ստուդիայում ստանալու իրենց և ռադիոլսողներին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։
Չբավարարվելով ձեռքբերումներով՝ մենք շարունակում ենք հանդես գալ նոր նախաձեռնություններով, նոր ռադիոհաղորդումներ ունենալու ցանկությամբ։
Ռադիո Ֆամայի սիրելի հետևորդներ, առաջին համալսարանական ռադիոն սպասում է ձեզ։















