Նորություններ
Պարգևատրումներ՝ մեկդարյա հոբելյանի առթիվ
07.11.2022
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին նաև այսօր․ համերգ-միջոցառմանը ԿԳՄՍ նախարարության պարգևների արժանացան մի շարք աբովյանականներ։
ԿԳՄՍ փոխնախարար, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց բուհի մեկդարյա հոբելյանը և ընդգծեց՝ նախորդ օրը Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգ-միջոցառմամբ համալսարանը սահմանեց նոր որակ և նշաձող․ «Մանկավարժականում աշխատելը կամ բուհի հետ որևէ առնչություն ունենալը մեծ պատիվ է։ Հոբելյանական միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բուհն առաջ է գնում, արարում է նորովի՝ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալու համար»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարության «Ոսկե մեդալ» հանձնեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանին, Աշխատակազմի և միջազգային հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանին, Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Կարեն Հայրյանին, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանին, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադևոսյանին, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանին, Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանին, Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս պարգևատրեց մանկավարժության ոլորտի լավագույններին։ Նա Նախարարության պատվոգրեր հանձնեց պրոֆեսորներ Ռոբերտ Ջիջյանին, Իգոր Կարապետյանին, Շողիկ Ոսկանյանին, Արամ Քոսյանին, Անուշ Եղիազարյանին, պրոֆեսորի պաշտոնակատարներ Սուսաննա Փիլոսյանին, Վարուժան Հովհաննիսյանին, Անահիտ Լալաբեգյանին, դոցենտ Լուսինե Պողոսյանին, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Տեր-Գրիգորյանին։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մեկ անգամ ևս շնորհավորելով բուհի հոբելյանը՝ չթաքցրեց՝ հուզմունքը մեծ է․բուհի 100-ամյա պատմության ընթացքում դասավանդած և այսօր դասավանդող սերունդը շարունակում է նախորդների փառահեղ ուղին, բոլոր այն ավանդույթները, որոնց հիմքում ուսուցչի պատվավոր առաքելությունն է։
Պրոֆեսոր Գևորգյանը նկատում է՝ իր ղեկավարած կառույցը բարձրագույն կրթության ոլորտում ունի իր դիմագիծը․ հպարտ է, որ գիտական, կրթական և մշակութային մեծ ներուժ է առաջնորդում ՝ այսօրվա զարգացումներին համընթաց․«100-ամյա պատմության ընթացքում արդեն ձևավորված մեթոդներն ու մոտեցումները պարտավորեցնող են․կա սահմանված նշաձող, խնդիրներ, որոնք լուծվում են։ Դուք արժանի եք ամենաբարձր պարգևների․ դուք վաղվա օրվա կերտողներն եք, ապագայի ճարտարապետները, որ կրթում և այսօրվա սերնդին է փոխանցում 100-ամյա ավանդույթներով լի համալասարանի առաքելությանը համահունչ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, արժանապատիվ կեցվածք և դա անում սեփական օրինակով»-նշեց ռեկտորն ու ևս մեկ անգամ շնորհավորեց իրենց գործի նվիրյալներին։
Բուհի ղեկավարը հպարտ է, որ իրեն է բախտ վիճակվել կազմակերպել մեկդարյա բուհի հոբելյանի պատվավոր գործընթացը, որը տարատեսակ ձեռնարկներով կշարունակվի մինչև տարեվերջ։
Տոնական միջոցառման ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ «Բերդ» պարային անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար՝ ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյան։
— See more at: https://aspu.am/hy/content/pargevatrumner_mekdarya_hobelyani_artiv/#sthash.sZQWBheb.dpuf















