Նորություններ
Միջազգային կինոփառատոնը կանցկացվի Կոտայքի մարզում
17.11.2022
Նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոն։
Կինոփառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Այս տարի այն անցկացվում է հինգերորդ անգամ, բաղկացած է միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում:
Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներում:
Կցուցադրվեն միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է:
Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել է 33 ֆիլմ՝ 10 երկրից, որից 18՝ ազգային ծրագրում, իսկ 15՝ միջազգային ծրագրում:















