Նորություններ
Մանկավարժականում էին «Հետք»-ի ներկայացուցիչները
07.12.2022
Ի՞նչ է փաստերի ստուգումը, ո՞րն է դրա դերը, կարևորությունը, որքանո՞վ է այն նպաստում մեդիագրագիտության բարձրացմանը․ այս և այլ հարցերի վերաբերյալ այսօր Մանկավարժականում ծավալվեց ակտիվ քննարկում։
«Հետք» լրատվամիջոցի փաստերի ստուգման թիմի անդամներն ու «Դոլչե Վելե»-ի հայաստանյան ներկայացուցիչը ՀՊՄՀ հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին տեղեկատվության ճշգրտման գործընթացի կարևորության, փաստերի ստուգման տեսակների մասին, այդ թվում՝ նախքան հոդված հրապարակելն ու հրապարակված նյութերում առկա տեղեկատվության ստուգումը։
Բանախոսները ներկայացրին կառույցի հիմնական գործառույթները, մանրամասնեցին այն հիմնական գործիքների կիրառումը, որոնք ապագա լրագրողներին կօգնեն զերծ մնալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածումից։
Ինչպե՞ս դարձնել փաստերի ստուգումը լրագրողի ամենօրյա աշխատանքի բաղկացուցիչ, տարբերակել վստահելի և անվստահելի մեդիաները, ճշգրիտ օգտվել տվյալների բաց բազաներից, նպաստել Հայաստանում մեդիագրագիտության բարձրացմանը․հանդիպման ընթացքում այս և այլ թեմաների շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։















