Նորություններ
Այսօր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
27.01.2023
1939 թ․ հունվարի 27-ին է ծնվել հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ Տիգրան Մանսուրյանը։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է ներմուծել Հայաստան։ Նրա ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Գրող Հրանտ Մաթևոսյանն ասել է․ «Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում։ Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու»։















